VII. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

65. Վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:
66. Վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը:
67. Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
68. Բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:
69. Բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է`
1) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար ավտոմոբիլներին և 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով).
2) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` միջքաղաքային ավտոբուսներին, միկրոավտոբուսներին ու մոտոցիկլներին` բոլոր ճանապարհներին.
3) 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մնացած բոլոր ավտոբուսներին, կցորդ քարշակող թեթև մարդատար ավտոմոբիլներին և 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):
70. Բնակավայրերում և բնակավայրերից դուրս ճանապարհների առանձին հատվածներում, 3.24` «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի կիրառմամբ, կարող է թույլատրվել երթևեկելու սահմանված առավելագույնից բարձր արագությամբ:
71. Թույլատրվում է երթևեկել`
1) 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլներին և երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող տրանսպորտային միջոցներին.
2) 50 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` տրանսպորտային միջոցներ քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցներին:
(71-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
72. Վարորդին արգելվում է`
1) գերազանցել տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով սահմանված առավելագույն արագությունը.
2) գերազանցել տրանսպորտային միջոցի վրա տեղադրված «Արագության սահմանափակում» ճանաչման նշանով նախատեսված արագությունը.
3) մեծ եզրաչափերով, վտանգավոր կամ ծանրաքաշ բեռ փոխադրելիս` գերազանցել փոխադրման պայմանների համաձայնեցման ժամանակ որոշված արագությունը.
4) առանց անհրաժեշտության ընթանալ շատ ցածր արագությամբ` խոչընդոտելով մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը.
5) կտրուկ արգելակել, եթե դա անհրաժեշտ չէ ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար:

 

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: