VIII. ՎԱԶԱՆՑԸ

73. Վազանցն սկսելուց առաջ վարորդը պետք է համոզվի, որ՝
1) հանդիպակաց երթևեկության գոտին, որը նա պատրաստվում է զբաղեցնել, բավարար տարածությամբ ազատ է վազանցի համար, և որ դրանով խոչընդոտ չի ստեղծի հանդիպակաց ընթացող տրանսպորտային միջոցների համար.
2) իր հետևից նույն գոտիով ընթացող տրանսպորտային միջոցը վազանց չի սկսել, իսկ առջևից ընթացողը վազանցի (ձախ շրջադարձի, հետադարձի) ազդանշան չի տվել.
3) վազանցն ավարտելիս կարող է առանց վազանցվող տրանսպորտային միջոցի (միջոցների) համար խոչընդոտ ստեղծելու վերադառնալ նախկինում զբաղեցրած գոտի:
(73-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն)
74. Ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցին վազանցել թույլատրվում է միայն ձախ կողմից: Սակայն եթե առջևից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը տվել է ձախ շրջադարձի ազդանշան և սկսել մանևրի կատարումը, ապա այդ տրանսպորտային միջոցին վազանցը կատարվում է աջից:
(74-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն)
75. Վազանցվող տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է արագությունը բարձրացնելով կամ որևէ այլ գործողությամբ խոչընդոտել վազանց կատարելուն:
76. Եթե բնակավայրերից դուրս դանդաղընթաց կամ մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցին վազանց կատարելը դժվար է, ապա դրա վարորդը (իսկ ուղեկցման դեպքում` նաև ուղեկցող տրանսպորտային միջոցի վարորդը) պետք է երթևեկի հնարավորինս աջով, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի և բաց թողնի իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:
77. Վազանցն արգելվում է`
1) խաչմերուկներում.
2) հետիոտնային անցումների վրա.
3) երկաթուղային գծանցների վրա և մինչև 100 մ դրանցից առաջ.
4) վազանց կամ արգելքի շրջանցում կատարող տրանսպորտային միջոցներին.
5) թունելներում և ճանապարհի նեղացումներում.
6) կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցին.
7) կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած, ինչպես նաև դրանցով ուղեկցվող տրանսպորտային միջոցներին.
8) վերելքի վերջում և ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում, երբ վազանցը կատարվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով:
(77-րդ կետը խմբ., լրաց. 20.11.08 N 1373-Ն)

 

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: