IX. ԿԱՆԳԱՌԸ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄԸ

78. Տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում` մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում` երթևեկելի մասի եզրին, իսկ կանոնների 80-րդ և 81-րդ կետերով նախատեսված դեպքերում` նաև մայթեզրին:
79. Բնակավայրերում, երթևեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է`
1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.
2) միակողմ երթևեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ` բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նաև ուղևորի նստելու կամ իջնելու համար):
(79-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
80. Տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:
81. Երթևեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել թույլատրվում է միայն թեթև մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները` 6.4` «Կայանման տեղ» նշանի և 8.6.2, 8.6.3, 8.6.6-8.6.9` «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում» ցուցանակներից որևէ մեկի առկայության դեպքում:
82. Բնակավայրերից դուրս երկարատև հանգստի, գիշերակացի և այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:
83. Կանգառն արգելված վայրում հարկադրված կանգառ կատարելու դեպքում կանոնների 22-րդ և 23-րդ կետերի պահանջները կատարելուց հետո վարորդը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար:
84. Կանգառն արգելվում է`
1) տրամվայի գծերի վրա, ինչպես նաև անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.
2) երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.
3) այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի միջև տարածությունը 3 մ պակաս է.
4) հետիոտնային անցումների վրա և մինչև 5 մ դրանցից առաջ.
5) երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.
6) խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).
7) 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ` բացառությամբ ուղևորների նստելու կամ իջնելու հետ կապված կանգառի դեպքերի, եթե դա չի խոչընդոտում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ տաքսիների երթևեկությանը.
8) այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ կխոչընդոտի մյուս տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկությունը:
(84-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն)
85. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից դուրս` բացառությամբ հարկադրված կանգառի դեպքերի:
86. Կայանումն արգելվում է`
1) կանգառն արգելված վայրում.
2) մայթերին` բացառությամբ կայանման ձևին համապատասխան ցուցանակի առկայության դեպքերի.
3) բնակավայրերից դուրս` 2.1` «Գլխավոր ճանապարհ», 2.3.1` «Հատում երկրորդական ճանապարհի հետ» և 2.3.2-2.3.7` «Երկրորդական ճանապարհի հարում» նշաններով նշված ճանապարհների երթևեկելի մասի վրա.
4) երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:

 

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: