X. ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

87. Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասը հատող հետիոտներին և հեծանվային արահետով շարժվող հեծանվորդներին:
88. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե այնտեղ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը:
Կարգավորվող խաչմերուկներ
89. Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:
90. Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց հետ:
91. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:
92. Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի տրամվայը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:
93. Լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած վարորդը պետք է այն ազատի նախընտրած ուղղությամբ` անկախ ելքի լուսացույցի ազդանշանից, սակայն եթե խաչմերուկում տրանսպորտային միջոցի ընթացքի ուղղությամբ տեղադրված լուսացույցներից առաջ առկա է 1.12` «Կանգ-գիծ» գծանշումը (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշաններ), նա պետք է ղեկավարվի յուրաքանչյուր լուսացույցի ազդանշաններով:
94. Վարորդը պետք է ճանապարհը զիջի խաչմերուկի անցումը և երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած հետիոտներին և տրանսպորտային միջոցներին, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:
Չկարգավորվող խաչմերուկներ
95. Այն խաչմերուկը, որտեղ բացակայում է լուսացույցը կամ կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է լուսացույցի դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող:
96. Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից:
97. Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:
98. Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ շարժման ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
99. Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:
100. Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայը, անկախ շարժման ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
101. Երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա:

 

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: