XI. ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ

102. Կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցում հասկացությունները համանման են կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկ հասկացություններին, որոնք սահմանված են կանոնների 89-րդ և 95-րդ կետերով:
103. Տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:
104. Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել, ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան:
105. Կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը:
106. Հետիոտնային անցումից հետո խցանում առաջանալու դեպքում արգելվում է մուտք գործել անցում, եթե դա կհարկադրի վարորդին կանգնել հետիոտնային անցման վրա:
107. Բոլոր դեպքերում, այդ թվում նաև՝ հետիոտնային անցումներից դուրս, վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասը հատող կույր հետիոտներին:
108. Կույր հետիոտներն իրենց գործողությունների մասին ազդանշան են տալիս սպիտակ ձեռնափայտով:

 

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: