ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
XIII. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐՈՎ

115. Ավտոմայրուղին 5.1` «Ավտոմայրուղի» ճանապարհային նշանի ազդման գոտում գտնվող ճանապարհ է, որը նույն մակարդակի վրա չունի հատումներ կամ հարակցումներ այլ ճանապարհների, երկաթուղային գծանցների կամ տրամվայի գծերի, հետիոտնային անցումների կամ հեծանվային արահետների հետ, չի սպասարկում ճանապարհամերձ տիրույթները և որում հանդիպակաց երթևեկելի մասերը բաժանված են բաժանարար գոտիով կամ ճանապարհային ցանկապատով: Ավտոմայրուղի համարվող ճանապարհի սկիզբը և վերջը նշվում են 5.1` «Ավտոմայրուղի» և 5.2` «Ավտոմայրուղու վերջը» նշաններով:
116. Ավտոմայրուղիներում արգելվում են`
1) հետիոտների երթևեկությունը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը.
2) հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ.
3) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը` երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով.
4) կանգառը` 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս.
5) հետադարձը և մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական խզվածքներ, բացառությամբ ճանապարհների պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների.
6) հետընթացը.
7) ուսումնական վարումը:
(116-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
117. Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև 5.3` «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշանով կահավորված ճանապարհների վրա:

 
XIV. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

118. Բնակելի գոտին կառուցապատված տարածք է, որի մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» ճանապարհային նշաններով:
119. Բնակելի գոտում հետիոտների երթևեկությունը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթևեկելի մասով: Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն նրանք չպետք է անտեղի խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
120. Բնակելի գոտուց դուրս գալիս վարորդները պետք է ճանապարհը զիջեն երթևեկության մյուս մասնակիցներին:
121. Բնակելի գոտիներում արգելվում են`
1) ուսումնական վարումը.
2) միջանցիկ երթևեկությունը.
3) կայանելը` աշխատող շարժիչով.
4) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների (բացառությամբ միկրոավտոբուսների) կայանելը դրա համար նախատեսված և նշաններով կահավորված ու (կամ) գծանշված տեղերից դուրս:
122. Սույն բաժնի պահանջները տարածվում են նաև այն բակային տարածքների վրա, որոնք նշված չեն 5.21` «Բնակելի գոտի» ճանապարհային նշանով, սակայն ամբողջ պարագծով պարփակված են բնակելի շենքերով:

 
XV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆԳԱՌԻ ԿԵՏԵՐԻ ԱՆՑՈՒՄԸ

123. Խաչմերուկներից դուրս, որտեղ տրամվայի գծերը հատում են երթևեկելի մասը, տրամվայն ունի առավելություն ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ` բացառությամբ, երբ այն դուրս է գալիս դեպոյից:
124. 5.14` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների գոտի», 5.11` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», 5.13.1 և 5.13.2` «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե այդ գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա շրջադարձ կատարելիս տրանսպորտային միջոցները պետք է վերադասավորվեն այդ գոտու վրա: Ճանապարհ մուտք գործելիս` նման տեղերում թույլատրվում է նաև մտնել այդ գոտի` երթևեկելի մասի աջ եզրի մոտ ուղևորներ իջեցնելու և նստեցնելու համար` պայմանով, որ դա խոչընդոտ չի ստեղծի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկությանն այդ գոտում:
125. Բնակավայրերում վարորդները պետք է ճանապարհը զիջեն կահավորված և նշված կանգառի կետերի տարածքից երթևեկությունն սկսող տրոլեյբուսներին և ավտոբուսներին, որոնց վարորդներն իրենց հերթին կարող են երթևեկությունն սկսել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են:
126. Վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետում կանգնած ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին մոտեցող կամ դրանից (դռների կողմից) հեռացող հետիոտներին, եթե իջնելն ու նստելը կատարվում է երթևեկելի մասից կամ երթևեկելի մասում գտնվող կանգառի հարթակից:

 
XVI. ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

127. Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն հետևյալ լուսային սարքերը`
1) բոլոր մեխանիկական տրանսպորտային միջոցների և մոպեդների վրա` լապտերների հեռահար կամ մոտակա լույսը, հեծանիվների վրա` լապտերները կամ լապտերիկները, իսկ լծասայլերի վրա` լապտերիկները (առկայության դեպքում).
2) կցորդների և քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա` եզրաչափային լույսերը:
128. Լապտերների հեռահար լույսը պետք է փոխարկվի մոտակայի`
1) բնակավայրերում, եթե ճանապարհը լուսավորված է.
2) հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 150 մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եթե հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը, պարբերաբար փոխարկելով լապտերների լույսը, տեղեկացնում է դրա անհրաժեշտության մասին, ապա ավելի մեծ հեռավորության վրա.
3) ցանկացած այլ դեպքերում` հանդիպակաց և համընթաց երթևեկող վարորդներին շլացնելու հնարավորությունը բացառելու համար:
(128-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
129. Շլանալու դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և չփոխելով երթևեկության գոտին, իջեցնի արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնի:
130. Օրվա մութ ժամանակ, ինչպես նաև անբավարար տեսանելիության պայմաններում, ճանապարհների չլուսավորված հատվածներում կանգառի և կայանման դեպքում տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն եզրաչափային լույսերը: Անբավարար տեսանելիության պայմաններում եզրաչափային լույսերի հետ լրացուցիչ կարող են միացվել նաև լապտերների մոտակա լույսերը, հակամառախուղային լապտերները կամ հետին հակամառախուղային լապտերիկները:
131. Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել միայն անբավարար տեսանելիության պայմաններում:
132. Հակամառախուղային լապտերները կարող են օգտագործվել`
1) օրվա մութ ժամանակ ճանապարհների չլուսավորված հատվածներում` մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.
2) անբավարար տեսանելիության պայմաններում` ինչպես առանձին, այնպես էլ լապտերների մոտակա կամ հեռահար լույսերի հետ միաժամանակ.
3) լապտերների մոտակա լույսի փոխարեն` կանոնների 133-րդ կետում նախատեսված դեպքերում:
133. Օրվա լուսավոր ժամերին երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով լապտերների մոտակա լույսը պետք է միացված լինի`
1) մոտոցիկլների և մոպեդների վրա.
2) կազմակերպված տրանսպորտային շարասյունում երթևեկելիս.
3) հատուկ առանձնացված գոտիով, հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա.
4) երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումներ կատարելիս.
5) մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարա փոխադրելիս.
6) մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս (քարշակող տրանսպորտային միջոցի վրա):
134. Լապտեր-լուսարձակ և փնտրող լապտեր թույլատրվում է օգտագործել միայն բնակավայրերից դուրս` հանդիպակաց տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում: Բնակավայրերում այդպիսի լապտերներից կարող են օգտվել միայն սահմանված կարգով կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշանով կահավորված տրանսպորտային միջոցների վարորդները` ծառայողական առաջադրանք կատարելիս:
135. «Ավտոգնացք» ճանաչման նշանը պետք է միացված լինի շարժման մեջ գտնվող ավտոգնացքի վրա, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, հաշվի առնելով կանոնների 130-րդ կետի պահանջները, նաև կանգառի և կայանման ժամանակ:
136. Ձայնային ազդանշանները կարող են կիրառվել միայն`
1) բնակավայրերից դուրս վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար.
2) այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար:
137. Վազանցի մասին նախազգուշացնելու համար ձայնային ազդանշանի փոխարեն (կամ նրա հետ միաժամանակ) կարող է տրվել լուսային ազդանշան, որն իրենից ներկայացնում է օրվա լուսավոր ժամանակ լապտերների լույսի պարբերաբար միացումն ու անջատումը, իսկ օրվա մութ ժամանակ` լապտերների լույսի բազմակի փոխարկումները մոտակայից հեռահարի:

 
XVII. ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՐՇԱԿՈՒՄԸ

138. Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակումը պետք է իրականացվի քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկին վարորդի առկայության դեպքում, բացի այն դեպքերից, երբ կոշտ կցիչի կառուցվածքն ուղղագիծ երթևեկության ժամանակ ապահովում է քարշակվող տրանսպորտային միջոցի ընթացքը քարշակողի հետագծով:
139. Կոշտ կամ ճկուն կցիչով քարշակման ժամանակ արգելվում է քարշակվող ավտոբուսում, տրոլեյբուսում և բեռնատար ավտոմոբիլի թափքում մարդկանց փոխադրումը: Մասնակի բեռնման եղանակով քարշակելիս` արգելվում է մարդկանց գտնվելն ինչպես քարշակվող տրանսպորտային միջոցի խցիկում կամ թափքում, այնպես էլ քարշակողի թափքում:
140. Քարշակող և քարշակվող տրանսպորտային միջոցների միջև պետք է ապահովվի` ճկուն կցիչով քարշակելիս 4-6 մ, իսկ կոշտ կցիչով` 4 մ ոչ ավելի հեռավորություն:
141. Մեխանիկական տրանսպորտային միջոցներ քարշակելիս` ճկուն կապող օղակը նկատելի դարձնելու նպատակով այն պետք է կահավորվի նախազգուշական հարմարանքներով, որոնք անկյունագծով 50 մմ լայնությամբ իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, 200 x 200 մմ չափերի լուսանդրադարձիչ մակերևույթով դրոշակներ կամ վահանակներ են: Ճկուն կապող օղակի վրա պետք է տեղադրվեն երկուսից ոչ պակաս նախազգուշացնող հարմարանքներ:
142. Կոշտ կցման հարմարանքի կառուցվածքը պետք է համապատասխանի ստանդարտների պահանջներին:
143. Քարշակումն արգելվում է`
1) երկու և ավելի մեխանիկական տրանսպորտային միջոցների.
2) առանց կողային կցորդի մոտոցիկլներով, ինչպես նաև դրանց.
3) մերկասառույցի պայմաններում` ճկուն կցիչով.
4) այն տրանսպորտային միջոցների, որոնց ապակեմաքրիչները և կառուցվածքով նախատեսված ապակեողողիչները չեն աշխատում` այն դեպքում, երբ քարշակվող տրանսպորտային միջոցի ղեկավարումն իրականացվում է վարորդի կողմից.
5) այն տրանսպորտային միջոցների, որոնց ղեկային կառավարումը չի գործում (բացառությամբ մասնակի բեռնմամբ եղանակով քարշակելիս).
6) այն տրանսպորտային միջոցի, որի արգելակային համակարգը չի գործում և դրա փաստացի զանգվածը գերազանցում է քարշակողի փաստացի զանգվածի կեսը: Քարշակվողի փաստացի զանգվածը քարշակողի փաստացի զանգվածի կեսից քիչ լինելու դեպքում քարշակումը թույլատրվում է միայն կոշտ կցիչով կամ մասնակի բեռնման եղանակով։
(143-րդ կետը փոփ. 20.11.08 N 1373-Ն)
144. Կանոնների 143-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում չգործող են համարվում ղեկային կառավարման և արգելակային այն համակարգերը, որոնք վարորդին թույլ չեն տալիս իրականացնել շարժման ուղղության փոփոխություն կամ կանգնեցնել տրանսպորտային միջոցը` անգամ նվազագույն արագությամբ երթևեկելիս:

 
XVIII. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐՈՒՄԸ

145. Տրանսպորտային միջոցների վարման սկզբնական ուսուցումը պետք է կատարվի փակ հրապարակներում կամ ավտոդրոմներում:
146. Ճանապարհներին ուսումնական վարումը թույլատրվում է միայն սովորեցնողի հետ` այն էլ սովորողի մոտ վարման բավարար հմտության դեպքում: Սովորողը պետք է գիտենա և կարողանա կատարել կանոնների պահանջները:
147. Անհատական կարգով սովորեցնողը պետք է իր մոտ ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վարորդական վկայական:
148. Ավտոմոբիլ և մոտոցիկլ վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:
149. Ուսումնական վարում թույլատրվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետի) սահմանած ճանապարհներին:

 
ՍկիզբՆախորդ1234ՀաջորդՎերջ



Էջ 3 , 4-ից

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: