ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
XIX. ՄԱՐԴԿԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

150. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պետք է ունենա նաև «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:
151. Մեկնելուց առաջ բեռնատար ավտոմոբիլի վարորդը պետք է ուղևորներին հրահանգավորի նստելու, թափքում տեղավորվելու և իջնելու կարգի մասին: Շարժվել կարելի է, միայն համոզվելով, որ ուղևորների անվտանգ փոխադրման պայմաններն ապահովված են:
152. Բեռնատար ավտոմոբիլի թափքում, ինչպես նաև միջքաղաքային, զբոսաշրջության երթուղիներով երթևեկող կամ երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:
153. Մարդկանց փոխադրումը կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլի թափքում թույլատրվում է, եթե այն կահավորված է կողի վերին եզրից առնվազն 0,3 մ-ից ցածր և հատակից` 0,3-0,5 մ բարձր ամրացված նստարաններով, իսկ երեխաների փոխադրման ժամանակ կողերը պետք է ունենան հատակի մակերևույթից ոչ պակաս 0,8 մ բարձրություն: Հետևի կամ կողերի երկայնքով ամրացված նստարանները պետք է ունենան ամուր թիկնակներ: Այդպիսի ավտոմոբիլներով երեխաների փոխադրումը թույլատրվում է բացառիկ դեպքերում:
154. Մարդկանց փոխադրելու համար չկահավորված կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլների թափքում երթևեկության ժամանակ թույլատրվում է գտնվել միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց` պայմանով, որ նրանք ապահովված են ավտոմոբիլի կողերի մակարդակից ցածր տեղադրված նստատեղերով:
155. Ավտոբուսով կամ ֆուրգոն թափքով բեռնատար ավտոմոբիլով երեխաների խմբեր փոխադրելիս` նրանց հետ պետք է գտնվի առնվազն մեկ չափահաս ուղեկցող, իսկ կողավոր հարթակ ունեցող բեռնատար ավտոմոբիլի թափքում` երկուսից ոչ պակաս: Այդ տրանսպորտային միջոցներն առջևից և հետևից պետք է կահավորվեն «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով:
156. «Երեխաների փոխադրում» ճանաչման նշան ունեցող, կանգառ կատարած տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնելը թույլ տալու համար:
157. Վարորդը պետք է դռները փակ պահի մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելը, որից հետո միայն հնարավորություն տա ուղևորներին նստել կամ իջնել, իսկ շարժումն սկսի դռները փակելուց հետո:
158. Մարդկանց փոխադրումն արգելվում է`
1) ավտոմոբիլի (բացի կողավոր հարթակով բեռնատար ավտոմոբիլի թափքում և ֆուրգոն թափքում մարդկանց փոխադրելու դեպքերի), տրակտորի, այլ ինքնագնաց մեքենաների խցիկներից դուրս, բեռնատար կցորդում, կցորդ-ամառանոցում, բեռնատար մոտոտրանսպորտային միջոցի թափքում և մոտոցիկլի կառուցվածքով նախատեսված նստատեղերից դուրս.
2) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի:
159. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել`
1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ կանոնների 155-րդ կետով նախատեսված դեպքերի).
2) մոտոցիկլի հետևի նստատեղին.
3) թեթև մարդատար ավտոմոբիլի`
ա. առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով,
բ. հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում:

 
XX. ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

160. Փոխադրվող բեռի զանգվածը և ըստ սռնիների բեռնվածության բաշխումը չպետք է գերազանցեն արտադրող գործարանի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված մեծությունները:
161. Շարժումն սկսելուց առաջ և երթևեկության ընթացքում վարորդը պետք է հսկի բեռի վիճակը, տեղաբաշխումն ու ամրացումը` վայր ընկնելուց և որևէ այլ կերպ երթևեկության խոչընդոտ ստեղծելուց խուսափելու համար:
162. Տրանսպորտային միջոցի առջևի կամ հետևի եզրաչափերից 1մ ավելի կամ կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մ ավելի դուրս ցցվելու դեպքում օրվա լուսավոր ժամերին բեռը պետք է նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:
(162-րդ կետը լրաց. 20.11.08 N 1373-Ն)
163. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ կանոններով են կարգավորվում երկու և ավելի կցորդով ավտոգնացքների ու այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2 մ, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝
1) որոնք օգտագործվում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.
2) որոնք շահագործվում են երկու և ավելի կցորդների հետ միասին՝ ավտոգնացքի կազմում.
3) որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են՝
ա. ըստ լայնության՝ 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար 2,6 մ),
բ. ըստ երկարության՝ 12 մ, իսկ մեկ կցորդով (կիսակցորդով)՝ 20 մ,
գ. ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)՝ 4 մ:
(163-րդ կետը խմբ. 20.11.08 N 1373-Ն)
164. Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`
1) սահմանափակում է վարորդի տեսադաշտը.
2) դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը.
3) ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը.
4) զգալի աղմուկ է հանում, փոշի բարձրացնում կամ աղտոտում ճանապարհն ու շրջակա միջավայրը:
165. Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է միջոցներ ձեռնարկի խախտումները վերացնելու համար կամ դադարեցնի հետագա երթևեկությունը:

 
XXI. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ (N 1 ՁԵՎ), ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՈՒՄԸ (N 2 ՁԵՎ) ԵՎ ԴՐԱՆՑ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ (N 3 ՁԵՎ)

166. Ճանապարհային նշանները, գծանշումները և դրանց համարակալումները համապատասխանում են ստանդարտներին:
167. Ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`
1) նախազգուշացնող.
2) առավելության.
3) արգելող.
4) թելադրող.
5) հատուկ թելադրանքի.
6) տեղեկատվության.
7) սպասարկման.
8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
168. Ճանապարհային գծանշումները կիրառվում են ինքնուրույն կամ ճանապարհային նշանների և լուսացույցների հետ միասին:
169. Ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի`
1) հորիզոնական.
2) ուղղաձիգ:
170. Հորիզոնական գծանշումը գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են երթևեկելի մասի վրա ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Հորիզոնական գծանշումը լինում է`
1) մշտական.
2) ժամանակավոր:
Մշտական գծանշումը սպիտակ գույնի է (բացի 1.4, 1.10 և 1.17 գծանշումներից, որոնք դեղին են), իսկ ժամանակավորը` նարնջագույն:
171. Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:
172. Եթե հաստատուն տեղադրված նշանների պահանջները հակասում են շարժական կանգնակների վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն ժամանակավոր նշաններով:
173. Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով:
174. Եթե գծանշման պահանջները հակասում են շարժական կանգնակի վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն այդ նշաններով: Եթե ժամանակավոր և մշտական գծանշումների պահանջներն իրար հակասում են, ապա վարորդները պետք է ղեկավարվեն ժամանակավոր գծանշման պահանջներով:

175. Տրանսպորտային միջոցների վրա անհրաժեշտության դեպքում պետք է տեղադրվեն կամ պատկերվեն տրանսպորտային միջոցի ճանաչման նշաններ: Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր ճանաչման նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը
 
ՍկիզբՆախորդ1234ՀաջորդՎերջ



Էջ 4 , 4-ից

Կայքը պատրաստված միայն ծանոթացման համար: